Ներկայացնում ենք MiCoFe նախագիծը, որը փոփոխությունների ալիք է բերում գյուղատնտեսության ոլորտում:
Ամեն տարի Social Impact Award-ն աջակցում է հարյուրավոր երիտասարդների ամբողջ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Արևելյան Աֆրիկայից, ովքեր երազում են ավելի լավ հասարակության մասին: Այս տարի Social Impact Award-ն անցկացվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի (ԵՎՄԱ) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ: Հայաստանն այս տարի ուներ SIA-ի եզրափակիչ դուրս եկած 9 մասնակից, որոնք պայքարում էին 1500 եվրո մրցանակի համար։
Բայց այդ ո՞ր թիմն էր, որն ուներ այն, ինչ անհրաժեշտ էր ժյուրիին տպավորելու և դրամական մրցանակ ստանալու համար: Ներկայացնում ենք MiCoFe-ն՝ ԱԿԲԱ ֆեդերացիայի մեկամյա ֆելոուշիփ ծրագրին մասնակցող նախագիծ, որը փոփոխությունների ալիք է բերում գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպե՞ս: Փորձելով մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ․ (1) նվազեցնելով ամեն օր առաջացող թափոնների քանակը, (2) արտադրելով օրգանական պարարտանյութ՝ օգտագործելով Հայաստանի տարբեր շրջանների մանրէները՝ որպես վտանգավոր քիմիական նյութերի այլընտրանք։
MiCoFe թիմի անդամները ծանոթացել են Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում՝ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում աշխատելու ընթացքում: Այս մանրէաբաններին առաջնորդում էր նրանց գիտական ղեկավար Կարեն Թռչունյանը։ Սակայն որպես թիմ MiCoFe-ը հիմնադրվել է 2020 թվականին՝ համաճարակից անմիջապես հետո, Լիանա Վանյանի կողմից։
Այսպիսով, կոնկրետ ի՞նչ են նրանք հայտնաբերել: Դե, շատ հետազոտություններից և փորձերից հետո պարզվեց, որ սուրճի մրուրը, որը մնում է մեր սիրելի առավոտյան ըմպելիքը պատրաստելուց հետո, հիանալի պարարտանյութ է դառնում: Պարզապես աճեցրեք մի քանի լավ մանրէներ այն վայրերում, որոնք այլ հանգամանքներում կհամարվեին թափոններ, և դուք ինքներդ կունենաք բարդ բիո-x, որը կարող է օգտագործվել բոլոր տեսակի բանջարեղեններն օրգանապես պարարտացնելու համար:
Հենց հիմա նրանց պարարտանյութը Ալֆա փորձարկման փուլում է, բայց բոլոր նշանները հաջողություն են խոստանում։ Նրանց հաջողվել է հասնել սերմերի բողբոջման և դրական ազդեցություն են նկատել վարունգի և լոլիկի տարբեր տեսակների վրա:
Այսպիսով, ի՞նչ նշանակություն ունի դա շրջակա միջավայրի համար: Դե, մի կողմից, սուրճի մրուրի թափոնները շատ ավելի վնասակար են շրջակա միջավայրի համար, քան շատերը կարող են պատկերացնել: Դա ոչ միայն հողը դարձնում է ավելի թթվային՝ աղբավայրերում ստեղծելով թթվային արտահոսք, ինչն էլ վնասում է շրջակա հողը, այլև քայքայման գործընթացում աղբավայրերում սուրճի թափոնները ջերմոցային գազեր են առաջացնում:
Մյուս կողմից, քիմիական պարարտանյութերը վտանգավոր են և կարող են բոլոր տեսակի վնասակար հետևանքներն ունենալ մարդկանց, ընտանի կենդանիների, ջրի և հողի վրա: Թեև դրանք ավելի մատչելի են, բայց շրջակա միջավայրի և մեր առողջության համար շատ ավելի թանկ են արժենում:
Ամփոփելով նշենք, որ MiCoFe-ի մոտեցումը տարբերվում է այլ օրգանական պարարտանյութերից, քանի որ այստեղ իրականացվում է մանրէների օգտագործում, մի բան, որը չունեն շատ այլ օրգանական պարարտանյութեր:
Այն, ինչ սկսվեց որպես պարզապես հետազոտական արտադրանք, վերածվեց լիարժեք գիտական ձեռնարկության: 2021 թվականին MiCoFe թիմը մասնակցեց Green Agritech Startup Clash-ին, որտեղ նրանք առաջին անգամ ներկայացրեցին իրենց նախագիծն ու հաղթեցին մրցույթում: Հենց այդ ժամանակ նրանց նկատեց ԱԿԲԱ ֆեդերացիան և խրախուսեց դիմել ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆելոուշիփ ծրագրին Իմփաքթ Հաբ Երևանում:
Լինելով ընկերներ՝ նրանք կարողացան կապեր ձեռք բերել և սկսեցին համագործակցել գործընկերների և էկո-ջերմոցների հետ, որպեսզի կարողանան հետագայում փորձարկել իրենց արտադրանքն ու փորձեր անել վարունգի սերմերի բողբոջման հետ կապված:
MiCoFe-ի թիմը նոր շրջապտույտի մեջ էր, և դա լավ էր, քանի որ գիտությունն իր «արժեքն» ունի: Green Agritech Startup Clash-ում հաղթելուց հետո նրանք կարողացան գնել 12․500 եվրո արժողությամբ սարք, որը թույլ տվեց վերլուծել հողի որակը և հասկանալ, թե որքան ազոտ և սպիտակուց է պարունակում այն՝ հնարավորություն տալով լրացուցիչ պատկերացում կազմել մանրէների մասին։
Նախորդ տարի MiCoFe-ն Իմփաքթ Հաբ Երևանի ցանցի միջոցով իմացավ Social Impact Award-ի մասին և կրկին դարձավ 1500 եվրո մրցանակի հաղթող: Անշուշտ, Social Impact Award-ի ընթացքում MiCoFe թիմի ծանոթությունների շրջանակն ընդլայնվեց, ինչին հաջորդեցին նոր համագործակցությունները։
Շուտով Լիանան հնարավորություն ստացավ մեկնելու Լեհաստան և սովորելու սարքն աշխատեցնելու եղանակները։
Այնուհետև թիմը շահեց 3000 ԱՄՆ դոլար մրցանակ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Լավագույն տեխնոլոգիական լուծումներ ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթում:
«Հաջորդ տարի մենք կկարողանանք աշխատել նրանց հետ ու տեսնել, թե ինչ ազդեցություն է ունենում մեր արտադրանքը եգիպտացորենի վրա,- ասում է Լիանան,- երկու ամսից նոր սարք կունենանք՝ հողում մետաղի իոնները չափելու համար»։
Ջերմոցային օպերատորների հետ համագործակցությունը թույլ է տվել թիմին ժամանակ խնայել։ Գյուղատնտեսության ոլորտում փորձի արդյունքները տեսնելու համար պետք է սպասել բույսերի աճի ողջ ցիկլին՝ արտադրանքը փորձարկելու և արդյունքներ տեսնելու համար։ Էկո-ջերմոցները հնարավորություն են տալիս փորձեր անցկացնել նաև ձմռան ամիսներին։
MiCoFe-ը քրտնաջան աշխատում է՝ ապագայում մեծ արդյունքներ արձանագրելու համար՝ նպատակ ունենալով իրենց վերջնական արտադրանքը դուրս բերել վաճառքի դաշտ։
«Մենք ցանկանում ենք 2022 թվականին ավարտել թեստավորման փուլը, ունենալ կոնկրետ արդյունքներ և մտնել առևտրայնացման փուլ»,- ոգևորված ասում է Լիանան։ «Երբ ունենանք ապրանք, որը կարող է շուկա մտնել, մենք ոչ միայն կկարողանանք վաճառել այն, այլև վերջապես տեսնել դրա գործնական կիրառությունը»:
Եվ, անշուշտ, գիտական տեսանկյունից նրանք կկարողանան ներկայացնել իրենց բացահայտումները միջազգային հանրությանն ու հրապարակել դրանք։
Արդեն քայլեր են ձեռնարկվում՝ փորձարկելու նրանց արտադրանքը դաշտում տարբեր բույսերի և բանջարեղենի վրա՝ օգտագործելով տարբեր տեսակի սերմեր և մանրէներ:
Կենսունակ և առևտրային արտադրանք ունենալուց հետո նրանք մտադիր են թիրախավորել հայկական շուկան և, հաջողության հասնելու դեպքում, փորձելու են դուրս գալ արդեն միջազգային շուկա:
Իսկ մինչ այդ նրանք հույս ունեն, որ իրենց աշխատանքն առնվազն կբարձրացնի իրազեկվածությունը այլընտրանքային լուծումների մասին, որոնք շատ ավելի առողջ են թե՛ մարդկանց, թե՛ շրջակա միջավայրի համար, ինչը նաև կօգնի նվազեցնել թափոնները: Այսպիսով, հասարակությունը՝ որպես ամբողջություն, շատ ավելի գիտակից կդառնա՝ վայելելով ամենօրյա բաժակ սուրճը:
Built by young people, for young people, our monthly newsletter shares inspiring stories from local young social entrepreneurs, tips & tricks for building a venture, and involvement opportunities to start your journey or take it to the next level. It's free, clean-cut, and shows off our best humor.
Built by young people, for young people, our monthly newsletter shares inspiring stories from local young social entrepreneurs, tips & tricks for building a venture, and involvement opportunities to start your journey or take it to the next level. It's free, clean-cut, and shows off our best humor.
© 2009-2024 SIA Social Impact Award gemeinnützige GmbH ® Գաղտնիության քաղաքականություն Իմպրեսում
You need a valid social network account to register for the website.