1. Գլխավոր
  2. Հրապարակումներ
  3. Social Impact Award 2022: Ամփոփում

Social Impact Award 2022: Ամփոփում

2009 թվականից ի վեր, Social Impact Award ծրագիրը խթանում է սոցիալական ձեռնարկատիրության մասին իրազեկվածությունը և դրա կիրառումը Եվրոպայի և այլ երկրների ուսանողների շրջանում։ Այս տարի, Social Impact Award Հայաստան ծրագիրն իրականացվում է “Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” նախագծի ներքո և ֆինանսավորվում Եվրոպական միության կողմից, իսկ SIA 2022 մրցանակները սահմանել էր Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ֆոնդը։

Ասել, որ աշխարհն այսօր բախվում է բազմաթիվ մարտահրավերների, կնաշանակի ոչինչ չասել։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել բոլոր հնարավոր ճգնաժամերի՝ տնտեսականից սկսած մինչև բնական աղետներ և աշխարհաքաղաքական իրավիճակ: Ու թեև առաջին հայացքից այս մարտահրավերները կարող են անհաղթահարելի թվալ, բայց մենք համարձակվում ենք հավատալ անհատների և խմբերի ուժին, ովքեր միավորվում և դառնում են փոփոխության ակտիվ նախաձեռնողներ:

Հենց դրան են ձգտում Իմփաքթ Հաբ Երևանն ու Social Impact Award մրցանակը (SIA)՝ աջակցել սոցիալական ձեռնարկությունների զարգացմանը, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում աշխարհի ամենահրատապ խնդիրների համար:

Social Impact Award-ն այս տարի անցկացվեց Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացրեցին Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիան և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ։ Այս տարվա SIA մրցանակները սահմանել էր Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ֆոնդը։

Ի՞նչն է SIA-ն դարձնում յուրահատուկ։ Այն, որ այս մրցանակը հնարավորություն է տալիս երիտասարդներին դարձնել աշխարհն ավելի լավը՝ խրախուսելով 15+ տարեկան դեռահասներին օգտագործել իրենց ստեղծագործական ներուժը և հնարավորություն տալով նրանց իրագործել իրենց անհավանական գաղափարները։ Ի վերջո, երիտասարդությունը մեր ամենամեծ արժեքն է և ապագայի մեր ամենապայծառ հույսը։

Social Impact Award-ին ներկայացված 17 գաղափարները ոչ այլ ինչ էին, քան ոգեշնչում։ Հուլիսի կեսին մեր առջև շատ բարդ խնդիր էր դրված՝ դրանցից ընտրել 8 ամենահետաքրքիրներն ու խոստումնալիցները։

Ընտրությունից հետո սկսվեց իրական աշխատանքը։

Ծրագրի սկզբում մասնակիցները մշակում էին իրենց գաղափարները։ Սակայն երկամսյա համապարփակ ինկուբացիոն շրջանից հետո այդ գաղափարներն ամբողջությամբ ձևակերպվեցին, հղկվեցին ու վերջնական տեսքի բերվեցին։

Նրանք վերապատրաստվեցին, մասնակցեցին վեբինարների, աշխատեցին պրոֆեսիոնալ և հոգատար մենթորների հետ, ստացան անգնահատելի արձագանքներ ու խորհուրդներ, նախապատրաստեցին փիչեր (ինչպես վիդեո տարբերակով, այնպես էլ կենդանի), որոնք կոգեշնչեին մարդկանց: Յուրաքանչյուր գաղափար մանրակրկիտ հղկվեց՝ մինչև վերջնական տեսքի բերվելը։ Մասնակիցները լի էին հուզմունքով և ակնկալիքով, որ հնարավորություն կունենան ուղիղ եթերում եզրափակիչ փիչինգի ժամանակ գրավել շատերի համակրանքը ժյուրիի և համայնքի առցանց քվերարկության միջոցով։

Այնուհետև սեպտեմբերի 13-ին, օր, երբ տեսահոլովակները հրապարակվեցին Համայնքային քվեարկության համար, օր, որը պետք է լիներ հուզիչ՝ լի հղումների փոխանակմամբ և ոգեշնչմամբ, ամեն ինչ միանգամից փոխվեց․․․ այդ օրը ստվերվեց մի ցավալի և խավար բանով։

Հայաստանը հարևան Ադրբեջանի կառավարության ռազմական հարձակման տակ էր։

Բազմաթիվ կյանքեր են մարել, շատ տներ են վնասվել, ապագան դարձել է անորոշ: Աշխարհը ևս մեկ անգամ ապացուցեց խավարի և այլասերման իր ներուժը, քանի որ երկիրը ծածկվեց մռ

այլ քողի ներքո․ որը քաշում էր բոլորի և յուրաքանչյուրի ուրախությունն ու ոգևորությունը։

Բայց ևս մեկ անգամ երիտասարդությունը հաստատեց իր՝ հույսի փարոս լինելը՝ դրսևորելով տոկունություն և վճռականություն։ Անտեսելով բոլոր դժվարությունները՝ նրանք սկսեցին նախկինից ավելի ջանասիրաբար աշխատել՝ հույսով ու համոզմամբ լի և վստահ, որ առաջարկում են յուրահատուկ լուծում, որն աշխարհը կդարձնի ավելի լավ վայր և լույս կլինի այս մութ ժամանակներում։

8 նախագծերից միայն մեկը չկարողացավ ավարտին հասցնել ծրագիրը։ Մյուս յոթը չխուսափեցին խոչընդոտներից,, հաղթահարեցին դժվարություններն ու քրտնաջան աշխատեցին սեպտեմբերի 30-ին կայանալիք իրենց վերջնախաղին պատրաստվելու համար:

Social Impact Award-ի հայաստանյան համակարգող Նաիրի Մելքոմ Մելքոմյանն իր բացման խոսքում հիանալի կերպով ամփոփեց այդ ամենը. «Նախագծերը, որոնց դուք այսօր կծանոթանաք, հիմնված են հոգատարության, էներգիայի, նորարարական մտածողության, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության և համայնքի հանդեպ սիրո վրա: Հենց այս մոտեցումներն ու դրանց վրա հիմնված աշխատանքն են, որ կարող են օգնել մեզ դիմակայել այս չափազանց դժվար ժամանակներին և մեր համայնքն ու մեր պետությունը դնել ավելի ամուր ապագայի ուղու վրա»:

Միևնույն ժամանակ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տիկին Սիլյա Կասմանն ընդգծեց սոցիալական ձեռնարկությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը:

«Պարզ ասած՝ սոցիալական ձեռնարկությունները սիրտ և սոցիալական ազդեցություն ունեցող բիզնեսներ են: Ինչ-որ իմաստով դա ստեղծագործական ընթացք է և համերաշխություն, որն ուղղված է ավելի մեծ ազդեցությանն առավել խոցելի մարդկանց վրա»:

Ու թեև մի կողմից աշխարհում կան այնպիսի մարդիկ, ովքեր քաղաքականությունը կյանքից վեր են դասում, այս երիտասարդներն առաջարկում են գլոբալ խնդիրների լուծումներ՝ մաքուր էներգիայից մինչև առողջ սնունդ, բոլորի համար անվճար կրթություն և պայքար անտառահատումների դեմ։

«Սա իրական մրցակցություն չէ,- խոստովանեց Կասմանը,- ես կասեի, որ բոլորն են հաղթող, և նախապես ընտրված նախագծերն արդեն կարող են հպարտանալ, որ ներկա են այստեղ և ներկայացնում են իրենց նպատակներն ու ակնկալվող ազդեցությունները»:

Եզրափակիչ անցած յոթ մասնակիցները ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները։ Ժյուրին մի քանի սուր հարցադրումներ ուղղեց մասնակիցներին, և նրանք կարողացան պատասխանել դրանց։ Սակայն Համայնքային քվեարկության արդյունքները գրեթե հավասար էին, և միայն մեկ կամ երկու ձայն էր բաժանում հաղթողին իրենից հետո գտնվողից։

Մի խոսքով, հաղթող ընտրելը չափազանց դժվար էր, բայց, ի վերջո, պետք էր ընտրություն կատարել։ Եվ այսպես, Համայնքի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Teach Free-ն, սակայն ժյուրիի 3 հաղթողներն էին Digital Forest-ը, The Real Dream-ը և Recycling Leftover Bread Project-ը:

Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1500 եվրո մրցանակ, որը ֆինանսավորվել է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ֆոնդի կողմից, և հնարավորություն մասնակցելու Վիեննայում կայանալիք «SIA Summit 2022» միջոցառմանը։ Բացի այդ, բոլոր մասնակիցներին առաջարկվել է մեկամյա անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին,որպեսզի նրանք կարողանան զարգացնել իրենց գաղափարներն ու շարունակեն իրականություն դարձնել դրանք։

Այսպիսով, մինչ Հայաստանի ճակատագիրը մնում է անորոշ, մենք կարող ենք գոտեպնդվել շնորհիվ այն հույսի շողերի, որոնք մեզ տվել են այս անկրկնելի երիտասարդները՝ մեր ապագայի իրական ճարտարապետները: